Մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնը: Աշխարհագրությունը լայն է. մասնակցում է 26 հեղինակ՝ Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից, ինչպես նաև արտերկրից (Շվեյցարիա, ՈՒկրաինա, Գերմանիա և այլն): Այս տարի ներկայացվելու են նաև երիտասարդ կոմպոզիտորների` հեղինակավոր մրցույթներում հաղթած ստեղծագործությունները (Էդմոնդ Մակարյան, Ալեքսանդր Հարությունյան, էռնեստ Դուլգարյան, Հովիկ Սարդարյան, Անահիտ Գրիգորյան և այլն):
«Ինչո՞վ է առանձնանում հայ ժամանակակից դասական երաժշտությունը» հարցին ի պատասխան ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի ղեկավար ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ ոճական առումով ինչպիսի ժամանակակից տեխնիկական հնարքներ էլ կիրառեն, միևնույն է, գերիշխում է ազգայինը: Փառատոնից հետո երիտասարդների գործերը կներկայացվեն Դիլիջանում, ինչպես նաև երևանյան մի շարք բուհերում: Հետաքրքրվեցի՝ հեռուստաընկերությունները պատրա՞ստ են համագործակցելու, ժամ տրամադրելու, որ հնչեն մերօրյա կոմպոզիտորների գործերը:
«Եթերն այնպես է հեղեղված շոու-ծրագրերով, որ մենք անցել ենք ոչ թե երկրորդ, երրորդ, այլ հինգերորդ պլան: Չեմ կարող միանշանակ ասել՝ այո կամ ոչ, որովհետև միշտ տալիս են կիսատ պատասխաններ»,- ասաց Աշոտ Ղազարյանը։ Նաև հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա միջազգային, կհրավիրվեն երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից:
Կամերային երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ